ԺԱՄԱՆՑ

Սրանք այնքան պետք է անեն, որ մի արիական բռունցք իրենց մռութին ուտեն. Ներսիկ Իսպիրյան

Նախ ուզում եմ խոսել պանթուրքիզմի ծրագրի մասին, որ իրենց վաղուցվա երազանքն է: Արդեն քանի դար է՝ ուզում են իրականացնել այդ ծրագիրը, բայց հայ ժողովուրդն  իրենց կոկորդին կանգնած է, եւ այս տարածաշրջանում թուրքերի միակ խանգարող հանգամանքն ենք: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնել է ազգագրական երգերի կատարող Ներսիկ Իսպիրյանը՝ անդրադառնալով Արցախում տիրող պատերազմական իրավիճակին:

Загрузка...

«Ինձ համար՝ տարածաշրջանում ադրբեջանցին ու թուրքը նույնն են, ինձ համար ոչ մի տարբերություն չկա: Ժամանակին Գարեգին Նժդեհն էր այդ կռիվը տալիս ամբողջ Զանգեզուրի շրջանում, որի մասին գիտենք պատմական անցյալից, եւ դա մինչ այսօր շարունակվում է, ինչը մեզ համար նորություն չէ:

Սրանք այնքան պետք է անեն, որ մի արիական բռունցք իրենց մռութին ուտեն, որը միշտ էլ կերել են, մինչեւ խախանդվեն, նստեն տեղները: Կարծում եմ՝ գարունը մոտ է, ամեն ինչ լավ է լինելու: Գիտեմ, որ մեր ժողովուրդը բազմիցս տոկացել է, 5000 տարի չեն կարողացել մեր արիական ոգին կոտրել: Թշնամուն չի հաջողվել եւ չի էլ հաջողվելու կոտրել  մեզ, քանի որ մենք ամուր ենք, ինչպես մեր լեռները» ,-նշում է Ներսիկ Իսպիրյանը:

Երգչի խոսքով՝այս օրերին առավել ծանր է հատկապես աշխարհի եւ գերտերությունների լռությունը:

«Այստեղ  ինձ  համար միակ  խանգարող հանգամանքը գերտերություններն են, որ աշխարհը մինչեւ հիմա լռում է, չի արձագանքում, բացի օդում խոսելուց, ոչ մի գործնական քայլ չի ձեռնարկում, ինչպես չի արել 1915 թվականին, երբ միլիոն ու կես ժողովուրդ մորթվեց, դարձյալ աշխարհը լուռ էր:

Ճիշտ է՝ լավն էլ կա, չեզոք մնացողն էլ կա, բայց հիմնականում խոսում են, իսկ այդ խոսքը, որ գործնական դարձնեն, եւ ուժեղ պատասխան տան Թուրքիային, ապա կարծում եմ՝ այդ դեպքում ամեն ինչ կխաղաղվի: Իսկ այժմ ոչ մի գերտերության, իշխանության, ոչ մի երկրի կողմից իրատեսական գործողություն չենք տեսնում Թուրքիային սանձազերծելու համար: Իսկ երբ հանգամանորեն դիտարկում ենք, միայն Ֆրանսիան է միջամտում, մեր կողքին կանգնած է, եւ միշտ էլ եղել է հայ ժողովրդի բարեկամը»,-նկատում է նա:

Ըստ Ներսիկ Իսպիրյանի՝  հակառակորդին մի նոր Սարդարապատ է սպասվում, որը հայ ժողովուրդն իր բազկի ուժով պետք է ցույց տա. «Սարդարապատում, Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում իր ատամը ցույց տվեց: Սա էլ նոր Սարդարապատ պետք է լինի, եւ հայ ժողովուրդը պետք է իր բազկի ուժը ցույց տա»:

Մեզ հետ զրույցի վերջում  Ներսիկ Իսպիրյանն ընդգծում է, որ հայ ժողովուրդը միանում է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի խոսքերին, մինչեւ վերջին մարտը պետք է պայքարենք, պետք է կռվենք, եւ հավելում է, որ նրա երգն առաջնագծում թշնամու հետ կռիվ տվող զինվորի հետ է:

«Իմ հոգին իրենց հետ է, ես էլ թիկունքից ինչով կարողանում եմ, օգնում եմ թե՛ նյութական, թե՛ ֆիզիկական»,-հավելում է նա:

Լիդա Եղիազարյան

ԱՂԲՅՈՒՐԸ՝