ԺԱՄԱՆՑ

«Հոգով և սրտով ես հայ եմ, ինքս եմ ընտրել լինել Դանիել Դեքերյան». ամերիկացի երաժիշտ Դանիել Դեքերը` Հայաստան գալու պատճառի, իր ապրումների և Արցախ մեկնելու ցանկության մասին

Tert.am Life-ն իր ընթերցողներին արդեն հայտնել է, որ ամերիկացի երաժիշտ Դանիել Դեքերը Երևան է ժամանել: Tert.am Life-ը հանդիպել է հայկական արմատներ չունեցող, բայց իրեն հոգով հայ համարող երգչի հետ, լուսանկարել ու զրուցել այս օրերին նրա ապրումների, ծրագրերի մասին:

Загрузка...

Դանիելի խոսքով` 2016-ին` Ապրիլյան պատերազմի ժամանակ, նույնպես եկել էր Հայաստան աջակցելու համար, հիմա էլ իր գալու նպատակը նույնն է:

«Երբ իմացա, որ Արցախում պատերազմ է, շատ տխրեցի ու բարկացա, միանգամից ցանկացա Հայաստան գալ: Ես սիրում եմ Հայաստանը, եղել եմ այստեղ 21 անգամ, եղել եմ նաև Արցախում, համերգ եմ ունեցել Շուշիում, դարձել Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ու հենց այս ամենն էր հիմքը, որն ինձ Հայաստան բերեց հայերի համար այս բարդ ժամանակաշրջանում: Ես ցանկանում էի հաջորդ ամռանը գալ, բայց պատերազմն ինձ ստիպեց ավելի շուտ գալ: Հայ և արտասահմանցի ընկերներս ասում էին, որ այստեղ այնքան էլ ապահով չէ, բայց ես պետք է գայի, քանի որ հայերը հիմա աջակցության կարիք ունեն: Հիմա շատ քիչ երկրներ են աջակցում Հայաստանին, ես եկել եմ ասելու` ես Հայաստանի, Արցախի հետ եմ»,-ասաց նա: 

Երաժիշտը նշեց, որ այս շրջանում միջազգային հանրությունը լուռ է տարբեր պատճառներով` գումարի, քաղաքականության, իրենց շահերի: «Շատ քիչ ղեկավարներ են փորձում անել մի բան, որը ճիշտ է այս իրավիճակում: Շատ երկրներ գիտեն, որ Հայաստանն ագրեսոր չէ, բայց չեն ուզում այդ մասին հանրային ձևով ասել, որովհետև Ադրբեջանի նավթն են ցանկանում: Մենք պետք է բարձրաձայնենք ճշմարտությունը, ես հավատում եմ, որ Արցախի անկախությունը կճանաչեն բոլոր երկրները»,-ընդգծեց նա:

Ըստ Դանիելի` երբ իմացել է, թե ինչ է կատարվում Արցախում, տխրել է, մտահոգվել Արցախի բնակչության համար:

«Այս պատերազմն Արցախը չի սկսել, ես գիտեմ, թե ով է իրական ագրեսորը: Շատ խորը զգացումներ եմ ապրում այս շրջանում: Հայերն Արցախում են ապրում անհիշելի ժամանակներից, դա նրանց մայրենի հողն է, այդտեղ են հայերի եկեղեցիները, որոնք դարերի պատմություն ունեն: Չափազանց պարզ է, որ Արցախը հայերի պատմական հողն է, և նրանք կարող են անել այնտեղ, ինչ ցանկանան,-ասաց նա և հավելեց, որ Ադրբեջանը, Թուրքիան և աշխարհը պետք է ընդունեն Արցախի անկախությունը,-Ես աջակցում եմ Արցախին 100 տոկոսով: Լսել եմ, որ այսքանից հետո հայերին են ագրեսոր անվանում, ասում, թե, իբր, հայերն են հրետակոծել սուրբ Ղազանչեցոց եկեղեցին, բայց դա ծիծաղելի է: Ինչո՞ւ պետք է հայերը ռմբակոծեն սեփական եկեղեցին: Ես ճանաչում եմ հայերին, ունեմ ընկերներ հենց Արցախում և գիտեմ, որ բոլորն էլ խաղաղասեր մարդիկ են, պատերազմ չեն ցանկանում, ցանկանում են խաղաղ ապրել, բայց իրենց երկրում, հայերն ագրեսորներ, պատերազմ սկսողներ չեն»:

Խոսելով իր ծրագրերի մասին` Դանիելն ասաց. «Հենց հիմա էլ կցանկանայի գնալ Արցախ, եթե դա հնարավոր լիներ անվտանգության տեսանկյունից, ես իրոք ուզում եմ գնալ, հանրային աջակցությունս ցուցաբերել Արցախին: Ես եկել եմ` անելու ինչ կարող եմ, միայն ուզում եմ օգնել Հայաստանին: Այս պահին հատուկ ծրագրեր չունեմ, բայց ցանկանում եմ երգել արցախցի փոքրիկների համար, գուցե նոր համագործակցություններ ունենամ, նոր երգ կունենամ, որն «Արցախ» է կոչվում, նաև երեխաներ պետք է երգեն»:

Դանիելը նաև ընդգծեց` չնայած հայ չի ծնվել, չունի հայի արյուն, ազգանունը «յան»-ով չի ավարտվում, բայց սիրում է հայերին, մեր մշակույթը, երաժշտությունը, ուտեստները, ամեն ինչ կապված Հայաստանի հետ:

«Հոգով և սրտով ես հայ եմ, ինքս եմ ընտրել լինել Դանիել Դեքերյան: Այդ զգացումն ինձ մոտ հայտնվեց, երբ առաջին անգամ երգեցի «Կիլիկիա» երգը և տեսա, թե հայերն ինչպես են ընդունում մի մարդու, ով հայ չէ, բայց հայերեն է երգում: 2005 թվականին համագործակցեցի Արա Գևորգյանի հետ ու գրեցի «Ադանա» երգի անգլերեն բառերը, երգեցի այն Ցեղասպանության 90-րդ տարելիցին: Ժամանակի հետ սկսեցի ճանաչել հայերի հոգին ու ավելի սիրեցի նրանց: Ամեն մշակույթ, երկիր իր յուրահատկությունները, պատմությունն ունի: Նախ՝ պետք է ծանոթանաս այդ ամենի հետ: Ինքս շատ էմոցիոնալ մարդ եմ ու սրտիս ձայնին եմ լսում, այս դեպքում էլ այդպես արեցի»,-ասաց նա:

Երաժիշտը նկատեց, որ զգում է նաև հայերի սերն իր հանդեպ. «Ես զգում ու շնորհակալ եմ դրա համար: Ցանկանում եմ նաև սովորել հայերեն, բայց դա պետք է անեմ, երբ ավելի երկար ժամանակով գամ Հայաստան, մնամ այստեղ գոնե 6 ամիս, ամեն օր կարողանամ խոսել հայերեն: Ցանկանում եմ նույնիսկ տուն գնել ու ապրել այստեղ, տեսնենք, թե ինչպես կստացվի»:

Հարցին, թե Հայաստանին ու Արցախին սատարելու համար թուրքերից ու ադրբեջանցիներից բացասական բնույթի նամակներ, մեկնաբանություններ ստացե՞լ է, Դանիելը պատասխանեց. «Ընկերներիս ցանկում, ճիշտ է, թուրքեր և ադրբեջանցիներ չկան, բայց, երբեմն, նրանք տեսնում են իմ հարցազրույցները լրատվամիջոցներում ու մեկնաբանություններ են գրում իմ մասին: Ինձ համար նրանց բացասական մեկնաբանությունները նորություն չեն, մոտ 15 տարի է՝ ես ենթարկվում են նրանց հարձակումներին սոցցանցերում: Կարող են ինձ սև ցուցակում ընդգրկել, եթե ցանկանում են, ինձ համար տարբերություն չկա»:

Մարիամ Խաչատրյան

Լուսանկարները` Էլեն Գասպարյանի

ԱՂԲՅՈՒՐԸ՝