ԺԱՄԱՆՑ

«Հայրենիքի հանդեպ սերն այս իրավիճակում սկսվում է հենց ռազմաճակատից». Հայկ Չոմոյանը` կամավոր ռազմակաճակատ մեկնելու, վիրավորվելու և ապաքինվելուց հետո հետ գնալու ցանկության մասին

Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել է, որ դերասան Հայկ Չոմոյանն առաջնագծում վիրավորվել է: Նրան Երևանում վիրահատել են, հիմա իրեն լավ է զգում` չնայած քայլել դեռ չի կարողանում: Tert.am Life-ը տեսակցության է գնացել Հայկին, զրուցել ռազմաճակատ մեկնելու որոշման, ընտանիքի արձագանքի, առաջին անգամ ռազմի դաշտում գտնվելու և ապաքինվելուց հետո հետ գնալու ցանկության մասին:

Загрузка...

Հայկն ասաց, որ սեպտեմբերի 28-ին զինկոմիսարիատ է գնացել, կամավորագրվել ու մեկնել ռազմաճակատ: «Ես պահեստազորային չեմ, չեմ ծառայել բանակում, բայց լավ կրակել գիտեմ, կրակայինի դասերի եմ գնացել: Իմ դասակից էր նաև ընկերս` Գինոյան Էդուարդը, բայց ճանապարհին բոլորի հետ էլ ծանոթացա ու ընկերացա: Անկեղծ ասած, մենք մեկ օր առաջ ցանկանում էինք մեր միջոցներով գնալ Արցախ, հետո հասկացանք, որ ավելի լավ կլինի զինկոմիսարիատի միջոցով գնալ»,-ասաց նա:

Դերասանն ասաց, որ իր Արցախ մեկնելու մասին ընտանիքի անդամներն իմացել են, իրենք են ճանապարհել: «Ամեն մարդ իր ընտանիքն ունի, որն իր համար մի փոքր հայրենիք է: Երբ քո ընտանիքը, հայրենիքը, հեքիաթը վտանգի մեջ է, դու պետք է պաշտպանես մեծ հայրենիքդ, որպեսզի փոքր հայրենիքդ ապահով լինի: Արդեն 29 տարեկան եմ, այս տարիների ընթացքում անընդհատ կրակոցներ են եղել, համբերության բաժակը լցվել է, այս հարցը պետք էր լուծել, ես էլ պետք է գնայի լուծելու: Տանն ասացի, որ կռիվ եմ գնում և վերջ, չգնալ չէի կարող: Մայրս, բնականաբար, մի փոքր նեղսրտեց, բայց ես ասացի` եթե ես չգնամ, մյուսը չգնա, ո՞վ պետք է գնա: Ես ի վիճակի էի և գնացի, հուսով եմ, որ մի փոքր լումա ունեցել եմ Արցախում»,-ասաց Հայկն ու նայեց իրենց դասակի հրամանատարին`Արթուր Խաչատրյանին, ով միանգամից պատասխանեց` մի փոքր չէ, շատ:

Արթուրն էլ հրազենային վիրավորում ունի դեմքի շրջանում, ասում է` Աստված է պաշտպանել, որ գնդակը դուրս է եկել, ներքին օրգանները չի վնասել:

Հայկը վիրավորվել է 6 օր առաջ, հրազենային 3 վիրավորում է ստացել ոտքերի շրջանում: Փամփուշտներից մեկը բժիշկները հեռացրել են, մյուս երկուսը ոտքերի մեջ չեն մնացել, ուղղակի մշակել են:

«Ժամկետային զինծառայողներն ինձ 6 հոգով «պլաշ-պալատկա»-ով 25-30 կիլոմետր տարել են, նրանք սրտիս մեջ են: Սկզբնական շրջանում մտածում էի, որ թեթև վիրավորում է, բժիշկներին համոզում էի, որ չորս օրում կկազդուրվեմ ու ռազմաճակատ կմեկնեմ, բայց ասացին, որ ինձ երկար բուժում է պետք, պետք է Երևան գամ, ես էլ որոշեցի բեռ չլինելու համար գալ Երևան, ապաքինվել: Երկու օրվա ընթացքում կգնամ տուն ու տանը կկազդուրվեմ: Դեռ քայլել չեմ կարողանում, մի փոքր կանգնելուց հետո ինձ վատ եմ զգում, բայց կանցնի: Աստված չանի, եթե պատերազմը շարունակվի, կազդուրվելուց հետո հետ կգնամ, չեմ փոշմանել գնալու համար, մտքովս էլ նման բան չի անցել»,-ասաց Հայկը:

Խոսելով ռազմաճակատ գնալուց առաջ սոցցանցերում գրառումներ չանելու մասին` Հայկն ասաց. «Այնպես չէ, որ սոցցանցերում նախկինում առանձնապես ակտիվություն եմ ցուցաբերել, բայց Արցախ գնալուց առաջ էջերս ջնջեցի, որ թեկուզ այդ մի փոքր ժամանակն ինձնից չխլեն: Ոչ մի տեղ չեմ գրել, որ մեկնում եմ, վիրավորվելուց հետո ընկերներս ասացին, որ ճիշտ կլինի մարդկանց տեղեկացնել, քանի որ մարդիկ կան, մտածում են, եթե չես խոսում, լուսանկար չես տեղադրում, ուրեմն չեզոք դիրքում ես»:

Հարցին, թե ի՞նչ զգացողություն է ունեցել թշնամուն հանդիպելիս, Հայկը պատասխանեց. «Չարժե նրանց նույնիսկ թշնամի անվանել, նրանց տեսնելուց միայն մեկ զգացողություն ունեի` պետք էր հաղթել: Մեր դասակի տղաների աչքերից կրակ էր թափվում, մարտական ոգին շատ բարձր էր: Հայրենիքի հանդեպ սերն այս իրավիճակում սկսվում է հենց ռազմաճակատից: Պետք է պատրաստ լինես արկերի պայթյուններին դիմանալ, նույնիսկ վառվել»:

Դերասանի խոսքով` առաջին անգամ էր ռազմի դաշտում, երբ վերադառնա, ավելի փորձառու կլինի: «Ես մեր ջոկատում գրեթե ամենավերջում եմ վիրավորվել, երկար պայքարի մեջ եմ եղել: Մեր ջոկատից վիրավորներ էլի կան, նաև զոհեր ունենք: Եթե մի փոքր ավելի ուշ վիրավորվեի, կկարողանայի ավելի օգտակար լինել,-նշեց նա, ապա հավելեց,- Հոգեկան աշխարհս լիովին ադեկվատ վիճակում է»։

Վերջում Հայկը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր այս օրերին անհանգստանում են իր համար:

Մարիամ Խաչատրյան

Լուսանկարները` Էլեն Գասպարյանի

ԱՂԲՅՈՒՐԸ՝