ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Վեց պարզ խորհուրդ աղիների առողջության պահպանման համար

Աղիների առողջությունը շատ կարևոր է ամբողջ օրգանիզմի համար, քանի որ որոշիչ դեր է խաղում սննդարար նյութերի յուրացման ու իմունային համակարգի ճիշտ աշխատանքի ապահովման հարցում, սակայն շատ հաճախ մարդկանց սխալ կենսակերպը բացասաբար է անդրադառնում աղեստամոքսային տրակտի վրա՝ հանգեցնելով մի շարք լուրջ բարդությունների, այդ թվում իմունային համակարգի թուլացման։ Աղիների առողջության պահպանման համար շատերը տարատեսակ հավելումներ են ընդունում ու թուրմեր խմում, մինչդեռ մասնագետները վստահ են, որ ցանկալի արդյունքին հասնելու համար մեծ ջանքեր գործադրելու կարիք չկա, քանի որ բավական է հետևել մի քանի պարզ կանոնի։

Загрузка...

Գերմանացի նյարդաբան ու սննդաբան Դևիդ Պերլմութերն իր «Ինչպես է աղիների ֆլորան պահպանում մեր գլխուղեղը» գրքում նշել է, թե սննդամթերքի որ տեսակներն են պահպանում այս օրգանի ու միաժամանակ նաև գլխուղեղի առողջությունը։ Մասնագետը ներկայացրել է վեց պարզ կանոն, որոնց հետևելը թույլ կտա պահպանել աղիների առողջ միկրոֆլորան։

Օգտագործել պրոբիոտիկներով հարուստ մթերք

Կաթնաթթվով հարուստ մթերքը նպաստում է աղիների լորձաթաղանթի կայունության պահպանմանը։ Բացի այդ, յոգուրտը, կեֆիրն ու թթու կաղամբն ապահովում են pH մակարդակի բալանսը, ինչպես նաև գործում են որպես բնական հակաբիոտիկ՝ կարգավորելով իմունային համակարգի աշխատանքն ու պայքարելով ախտածին տարրերի դեմ։

Օգտագործել բարձրորակ ճարպեր ու սահմանափակել ածխաջրերը

Ածխաջրերի չարաշահումը բարձրացնում է արյան մեջ շաքարի մակարդակը, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել մեծ քանակությամբ հացահատիկների ու շաքարով հարուստ մրգերի գործածությունից։ Փոխարենը, որքան էլ զարմանալի է, Պերլմութերը խորհուրդ է տալիս օգտագործել խոլեստերինիով հարուստ մթերք (յուղեր, ընկույզներ, հավկիթ, ձուկ, միս), քանի որ խոլեստերինը սննդարար նյութ է գլխուղեղի համար և կարող է պաշտպանել անգամ այնպիսի խնդիրներից, ինչպիսին են ընկճախտն ու Ալցհեյմերի հիվանդությունը։

Երբեմն մի փոքր գինի, թեյ, սուրճ ու շոկոլադ օգտագործել

Մասնագետը խորհուրդ է տալիս ժամանակ առ ժամանակ նաև մի բաժակ գինի խմել։ Ավելին կարելի է երբեմն վայելել նաև սուրճ, թեյ ու շոկոլադ, քանի որ դրանցում պարունակվող բուսական հակաօքսիդանտներն ամրապնդում են աղիների պատերը։ Սակայն հարկ է հիշել, որ նման մթերքը հարկավոր է օգտագործել խիստ չափավոր։

Օգտագործել պրեբիոտիկներով հարուստ մթերք

Պրեբիոտիկները խթանում են աղիների բակտերիաների ակտիվությունը, ինչի շնորհիվ էլ մանրաթելերով հարուստ սնունդն ավելի լավ է մարսվում ու յուրացվում։ Հատկապես օգտակար են սոխն ու սխտորը, ուստի դրանք հարկավոր է ամենօրյա սննդակարգի մասը դարձնել։

Օգտագործել քլորի ցածր պարունակությամբ ջուր

Մասնագետը խորհուրդ է տալիս ստուգել ջրում քլորի պարունակությունն ու հրաժարվել դրանից քլորացման բարձր մակարդակի դեպքում։ Նման դեպքերում հարկավոր է օգտագործել հատուկ զտիչներ ծորակի ջրի համար կամ փորձել գնել շշալցված ջուր, որը չի պարունակի մեծ քանակությամբ քլոր։

Պարբերաբար ծոմ պահել

Բացի այդ, Պերլմութերը խորհուրդ է տալիս տարեկան առնվազն չորս անգամ կարճատև ծոմ պահել։ Այդ օրերին պինդ սննդի գործածության փոխարեն հարկավոր է 24 ժամ պարզապես շատ ջուր խմել։

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru

Նյութի աղբյուրը՝