ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Չփախավ, զոհվեց այն դիրքում, որտեղ ամեն ինչ տեսել էր. ընկերոջ կորուստ, ցավ. քույրը՝ զոհված Տիգրան Գալստյանի մասին

Տիգրանն ուներ մեծ կամքի ուժ, օգնում էր թույլերին, պաշտպանում և երևի դրա համար է, որ իրեն շատ էին սիրում:  Այս մասին Tert.am-ին պատմեց Արցախում հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված զինծառայող Տիգրան Գալստյանի քույր Թամարա Գալստյանը:

Загрузка...

20-ամյա Տիգրանն Արագած գյուղում (Ապարան) է ծնվել: Առաջին դասարանում հաճախել է Արագած գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցը, որից հետո տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն, ապրել ու կրթությունը շարունակել  այնտեղ։

Տիգրանը շատ էր սիրում սպորտ, սպորտը նրա կյանքն էր, իրեն փորձել է տարբեր սպորտաձևերում՝ հոկեյ, ֆուտբոլ, բասկետբոլ, բայց հոգեհարազատ սպորտաձևը ֆուտբոլն էր, որի մեջ նա շատ մեծ հաջողություններ էր գրանցել։ Նա դասարանի ամենասպորտային ու աչքի ընկնող աշակերտն էր, ամենաչարաճճին, որին գրեթե բոլոր ուսուցիչները շատ էին սիրում։ Ամեն տեղ ձգտում էր լինել առաջինը ու տասնութ տարին լրանալուն պես՝ իր կամքով վերադարձել է հայրենիք, որից հետո անցել է զինվորական ծառայության:

«Տիգրանս հայերեն գրել, կարդալ չգիտեր, բայց իր հայրենիքին ծառայում էր ինքնամոռաց: Իսկապես, որ ծառայում էր ինքնամոռաց նվիրված հայրենիքին ու ընկերներին և իր լավ ծառայության համար արդեն նկատելի հաջողություններ էր ունեցել, դարձել էր ջոկի հրամանատար` ստանալով սերժանտի կոչում։ Երբ նոր էր եկել Հայաստան, եկեղեցու, իր կրոնի մասին այդքան էլ շատ բան չգիտեր, բայց ծառայության ժամանակ՝  երկար դիրքերում մնալու ընթացքում, մի մատուռ էր կառուցել ընկերների հետ, ընկերների ու իր անունն էլ մատուռի վրա փակցրել»,– պատմում է Թամարան։

Քույրը պատմում է, որ հեռախոսազրույցների ժամանակ Տիգրանը երբեք չէր բողոքում, սակայն հերթական մի հեռախոսազրույցի ժամանակ զգացել է, որ տխուր է և հետաքրքրվել, թե ինչն է պատճառը։ «Քուր, էստեղ, էս պատերազմի ընթացքում, էնքան ազիզ ախպերներ եմ կորցրել, ո՞նց տխուր չլինեմ»,– Տիգրանի խոսքերն է հիշում նա:

Թամարան ասում է՝  այն ժամանակ, երբ ամեն ինչ արդեն վատացել էր, երբ հարազատները խորհուրդ էին տալիս թողնել ու հեռանալ, Տիգրանը պատասխանել է՝ Էստեղ ես շատ ընկերներ եմ կորցրել, ես էս դիրքից փախչողը չեմ:

«Ու չփախավ, ինքն իրեն զոհեց այն դիրքում, որտեղ ամեն ինչ տեսել էր. ընկերոջ կորուստ, ցավ: Երբ Տիգրանն ընկել է թշնամու գնդակից, մարտական ընկերները մոտեցել են, իրենց ձեռքերի վրա պահել Տիգրանին, Տիգրանն էլ, թե՝ խոսացեք հետս, տղերք, խոսացեք՝ ձեններդ լսեմ: Զոհվեց մեր հերոսն զոհվեց ու միացավ իր ազիզ ախպերներին: Այժմ, ողջ մնացած ընկերները ժպիտով են խոսում Տիգրանի մասին, ասում՝ հպարտ են, որ ծառայել են նրա հետ ու իսկապես, Տիգրանը ու իր նման հազարավորներն ընտրյալներ էին, ընտրյալներ, որոնք երբեք դուրս չեն գա մեր մտքից ու սրտից: Փառք ու պատիվ մերօրյա հերոսին, փառք ու պատիվ մեր Տիգրանին»,- ընդգծեց քույրը:

ԱՂԲՅՈՒՐԸ՝