ԺԱՄԱՆՑ

«Երեխայի անունը փոխեցին Յանա` մեր դստեր պատվին. հետագայում ուզում եմ երեխայի կնքահայրը լինել». Սարգիս Գրիգորյանը` 20-ից ավելի արցախցի իր տանը հյուրընկալելու մասին

Դերասան Սարգիս Գրիգորյանն ու պարուհի Մանո Գրիգորյանն իրենց տանը սեպտեմբերի 28-ից 20 հոգուց ավելի արցախցի են հյուրընկալել, ովքեր այսօր վերադարձել են Արցախ:

Загрузка...

Tert.am Life-ի հետ զրույցում Սարգիսն ասաց, որ մոտ 25 հոգով այս ընթացքում ապրել են իրենց առանձնատանը:

«Մեկ գյուղից երեք ընտանիքի էինք հյուրընկալել: Բացի նրանցից, մոտ 4 ընտանիքի էլ Երևանում էինք տեղավորել ընկերներիս հետ: Նրանք ևս կարող էին մեր տանն ապրել, ուղղակի տեղ այլևս չկար: Բնականաբար, բարդ էր 25 հոգով մեկ տան մեջ ապրել: Տարբեր մարդիկ, տարբեր բնավորություններ, նախասիրություններ, բայց երբ պատասխանատվություն ես վերցնում, պետք է մինչև վերջ տանես»,- ասաց նա:

Դերասանի խոսքով` միասին հաց են կիսում, ապրում նույն առօրյայով: «Իսկապես տխուր ենք թե՛ ես, թե՛ Մանոն: Այդ ընտանիքներում մարդկային կորուստներ էլ եղան. Մեկի քեռին էր զոհվել, մյուսի տղան, այդ ամենը միասին ենք հաղթահարել: Հիմա մեր տան ամենօրյա աղմուկը չի լինի, ինչից շատ ենք տխրում: Անկեղծ եմ ասում, ես նույնիսկ արտասվել եմ հրաժեշտի պահին,- ասաց նա, ապա ընդգծեց,- ուզում եմ արցախցիների հետ կապված հիմար զրույցներ, վատ կարծրատիպեր չլինեն: Նրանք այնքան դժվարություններ են տեսել, որ նման խոսակցություններն անիմաստ են»:

Ըստ Սարգսի` ընտանիքներից մեկում նորածին է եղել, ում անունն արդեն ընտրել էին: «Մեզ հետ ապրելու ընթացքում իրենց ցանկությամբ երեխայի անունը փոխեցին Յանա` մեր դստեր պատվին: Ես այդ ամենի համար շնորհակալ եմ Մանոյին: Այնքան ենք կապվել նրանց հետ, որ հետագայում ուզում եմ երեխայի կնքահայրը լինել: Ընտանիքների հայրերն առաջնագծից զանգահարում էին և ասում, որ երեխաներին լավ նայեմ, հենց դա էր ինձ պահում, որ առաջնագիծ չգնամ: Շատ եմ ցանկացել գնալ, բայց նաև այդ ընտանիքների կողքին պետք է լինեի»,- ասաց նա:

Ըստ նրա` մինչև չի ցանկացել այս մասին խոսել, որովհետև իր արածը շատ քիչ բան է: «Ինստագրամում իմ լռությունը դրանով էր պայմանավորված, բայց այսօր հուզված որոշեցի տեղադրել լուսանկարներ, քանի որ գործն ավարտեցի: Մի որոշ ժամանակ անց գուցե խոսեմ նաև, թե իմ ընկերների շնորհիվ ինչքան մեծ գործ ենք արել առանց լուսաբանելու, որովհետև մեր խղճի համար ենք արել: Հիմա երկու-երեք պատմվածք եմ գրում, որտեղ կարդացողը կզգա, թե ինչեր է արվել մեր կողմից, ինչեր ենք տեսել այս ընթացքում Արցախ այցերի ժամանակ: Այսուհետև ես ամեն ինչ մշակույթի լեզվով եմ ասելու, կստացվի, թե ոչ` ուրիշ հարց է»,- ընդգծեց Սարգիսը:

Զրույցի վերջում դերասանն ասաց, որ ուզում է` դժվարությունները մարդկանց ավելի մտերմացնեն, համախմբեն, բարիացնեն` անկախ նրանից, թե ով ում կողմնակիցն է:

Մարիամ Խաչատրյան

ԱՂԲՅՈՒՐԸ՝