ԺԱՄԱՆՑ

«Վրեժն ու հայրենասիրությունը չեզոքացնում էին վախի զգացումը». Մկրտիչ Քեբաբչյանը` ռազմաճակատ մեկնելու և «Հերոսական նովելներում» ադրբեջանցու մարմնավորելու մասին

Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել է, որ դերասան Մկրտիչ Քեբաբչյանը ռազմաճակատ էր մեկնել: Մինչև մեկնելը դերասանը նկարահանվել է Ելենա Արշակյանի նոր` «Հերոսական նովելներ» նախագծում:

Загрузка...

Tert.am Life-ի հետ զրույցում Մկրտիչը պատմեց նախագծում նկարահանվելու բարդությունների, թշնամու կերպար մարմնավորելու և ռազմաճակատ մեկնելու մասին:
Առաջնագիծ գնալու համար Մկրտչին կանչել են զինկոմիսարիատից, գնացել է հոկտեմբերի 27-ին, վերադարձել նոյեմբերի 11-ին: «Ես ավագ սերժանտի կոչում ունեի, զինվորական ծառայությունս 2012-2014 թվականներին Արցախի Մարտունու շրջանում էի անցկացրել: Պատերազմի ընթացքում եղել եմ Շուշիում, ինչն ինձ համար շատ խորհրդանշական էր: Միշտ մտածել եմ, որ հետագայում դստերս Շուշի եմ անվանակոչելու և տուն գնեմ Շուշիում»,- նշեց դերասանը:

Հարցին, թե ինչի՞ց է սկսվում հայրենասիրությունն իր համար, Մկրտիչը պատասխանեց. «Երբ առաջնագծում ես` կյանքի ու մահվան սահմանագծում, մտքերդ զտում ես, չես հասկանում, թե կոնկրետ ո՞րն է հայրենիքը, շատ հետաքրքիր զգացում է: Զգում ես, որ հայրենասիրությունը սկսվում է քո տնից, քանի որ այն պաշտպանելու համար ես կռվում, բայց չես հասկանում` որտե՞ղ է ավատվում»:

Նա նաև ասաց, որ վրեժով էր գնացել, քանի որ ընկերը` դերասան Ադամ Խալաթյանը, զոհվել էր: «Թող ոչ ոք չասի, որ վախի զգացում այնտեղ չի ունեցել, բայց վրեժն ու հայրենասիրությունը չեզոքացնում էին վախի զգացումը: Վախը ոչ թե տարածք կորցնելու համար էր, այլ մահվան նկատմամբ: Մենք մաքսիմում վստահ էինք, որ կարող ենք պաշտպանել մեր հայրենիքը, իսկ մահվան նկատմամբ վախը չպետք է խանգարեր, որովհետև վախկոտն ամեն օր է մեռնում: Այնքան սկսեցինք հանուն զինակիցների չվախենալ, որ իսպառ կորցրինք վախը»,- ասաց նա:

Մկրտիչը հավելեց, որ իրենց ստորաբաժանումը կորուստներ չի ունեցել: «Փառք Աստծո, ես որևէ ընկերոջ զոհվելը չտեսա, ինչի համար Աստծուն շնորհակալ եմ: Փա՛ռք մեր բոլոր հերոսներին, ովքեր չխնայեցին իրենց կյանքն ու այդ կյանքի գնով պաշտպանեցին հայրենիքը: Ես նեղսրտում եմ, երբ ինձ հերոս են ասում, որովհետև իրական հերոսներն իրենց հետ տարել են հերոսական պատմությունները: Մեր պատմությունները տարբերվում են, որովհետև նրանք չկարողացան պատմել, չհասցրին»,- նշեց նա:

Խոսելով «Հերոսական նովելներ» նախագծի մասին` նա ասաց, որ նախագիծն էականորեն տարբերվում էր բոլոր նախագծերից, որոնցում նախկինում զբաղվածություն է ունեցել: «Նախկինում ևս մեկ անգամ մարնավորել եմ ադրբեջանցու, բայց կերպարը փոքր էր։ Բարդ էր նաև այն առումով, որ նախագիծը նկարահանվեց, երբ պատերազմն արդեն սկսվել էր: Այդ ընթացքում անգամ հայ զինվորին մարնավորելն էր շատ բարդ, ուր մնաց ադրբեջանցու, այն էլ մեր իրականության մեջ, որտեղ կերպարին ու դերասանին նույնացնում են»,- ասաց նա:

Ըստ Մկրտչի` հայերի համար պատերազմն ամենանուրբ թեմաներից է, ուստի մեծ էր նաև պատասխանատվության զգացումը: «Բոլորս էլ այս շրջանում շատ զգացմունքային ենք դարձել, այս աշխատանքին հոգեպես այլ ձևով եմ մոտեցել: Մեր թշնամին չունի ոչ հոգի, ոչ էլ սիրտ, ու պետք է ինքս էլ ինձ այդպես պահեի, երբ ձեդոն խոսում էր: Անկախ ինձնից, պարբերաբար դուրս էի գալիս հոգեվիճակից, կերպարից, չէի կարողանում հայրենիքի մասին սառնասրտությամբ լսել: Բարդությունն այն էր, որ շարունակեմ կերպարի մեջ մնալ: Ելենա Արշակյանի հետ խոսել ենք, գտել տարբերակներ, թե ինչպես է ավելի ճիշտ ներկայանալը ադրբեջանցու նշեց նա:

Դերասանն ընդգծեց, որ ինքն էլ լարված էր, այդ շրջանում սպասում էր, թե երբ է ռազմաճակատ գնալու, քանի որ գրանցվել էր գնալու համար: «Նկարահանումների ընթացքում զինվորական համազգեստը հագնելուց հետո հասկացա, որ դա ուղղակի կերպար չէ: Հետո, մեկնաբանություններ կարդացի, թե ես, իսկապես, թուրք եմ: Առաջնագծում կատակում էինք, որ գերի ընկնեմ, ադրբեջանցիները կմտածեն իրենց զինվորներից եմ, արդեն կճանաչեն ինձ: Տղաներն ասում էին` և՛ թուրք ես խաղում, և՛ գալիս այստե՞ղ»,- ասաց նա:

Մարիամ Խաչատրյան

ԱՂԲՅՈՒՐԸ՝