ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Այդ մի բանը չսեղմել հաստատ. ինչ կա այդ պայմանագրում Սերժ Սարգսյանից անդին

Իշխանությունն արդարադատության նախարարի շուրթերով փաստորեն ազդարարել է Սահմանադրության փոփոխության գործընթացի մասին, որի առիթով աշխատանքային խումբը ստեղծվելու է 2020 թվականի փետրվարին: Այդ փոփոխության նշանակալիությունն ու անհրաժեշտությունը, թերևս, չունի ավելորդ գնահատման անհրաժեշտություն: Միաժամանակ, հույժ կարևոր է, թե ինչպիսին է լինելու փոփոխության բովանդակությունն ու ինչի շուրջ է հանրությունը գալու համաձայնության, պայմանագրի, որպիսին պետք է լինի Սահմանադրությունն ըստ էության: Այդ իմաստով, թերևս, հետաքրքիր հարցերից մեկն այն է, թե արդյոք Հայաստանում կա՞ խորհրդարանական կառավարման մոդելից նախագահականի կամ կիսանախագահականի հետանցման անհրաժեշտություն: Մենք միտումնավոր կիրառում ենք հետանցում, ոչ թե անցում բառը, որովհետև այդ անցումը Հայաստանի համար կլինի, թերևս, հետքայլ:

Загрузка...

Որքան էլ կառավարման խորհրդարանական մոդելը դիտարկվեց Սերժ Սարգսյանի քաղաքական ծրագրերի շրջանակում, համարվելով զուտ նրա, այսպես ասած, ցմահ վարչապետության կամ իշխանության միջոց, այդուհանդերձ, հանելով Սերժ Սարգսյանին այդ մոդելի դիմացից, մենք կպարզենք, որ Հայաստանում քաղաքական համակարգի կայացման, ժողովրդավարության, կոնսենսուսային քաղաքական մշակույթի զարգացման տեսանկյունից ամենաարդյունավետ մոդելը կարող է լինել հենց խորհրդարանական կառավարումը, երբ առաջնային իշխանությունը պատկանում է խորհրդարանի մեծամասնությանն ու այն ձևավորում է կառավարություն: Երբ տեղի էր ունենում խորհրդարանի կառավարման մոդելի ընտրությունը, հակափաստարկների շարքում գերիշխում էին թերևս երկուսը՝ պատերազմող երկրի հանգամանքն ու Գերագույն գլխավոր հրամանատարի պարագան, որի առումով անփոխարինելի կամ ամենաարդյունավետ էր դիտվում նախագահական կամ կիսանախագահական ձևը, և քաղաքական համակարգի չկայացածությունը:

Անցնենք հերթով: Իսրայելը պատերազմող պետություն է խորհրդարանական կառավարման մոդելով, ու, կարծես թե, այդ հանգամանքը չի խանգարել ու չի խանգարում, որ այն լինի հաղթող պետություն: Եվ, ընդ որում, Իսրայելը հենց սկզբից եղել է այդ մոդելի կրող: Թվում է՝ այստեղ արդեն բավական է ծանրանալ այդ «հակափաստարկի» վրա, թեև կան նաև բազմաթիվ այլ օրինակներ, թե խորհրդարանական կառավարման պարագայում պետությունն ինչպես է կարողացել հաջողությամբ լուծել իր ռազմական և ռազմա-քաղաքական խնդիրները:

Մյուս «հակափաստարկը»՝ քաղաքական համակարգի չկայացածություն:

Քաղաքական համակարգը չի էլ կայանա, եթե այդ համակարգը չստանա գործունեության առավելագույն դաշտ: Իսկ դա կապահովի խորհրդարանական կառավարման մոդելը, որովհետև նախագահական մոդելի պարագայում՝ առավել ևս չկայացած քաղաքական և կուսակցական համակարգերի դեպքում, նախագահ-լիդերը, իր հեղինակությամբ ու իշխանությամբ, անընդհատ ճնշելու է մնացյալ ինստիտուտներին և թույլ չի տալու կայանալ, զուտ միայն ներիշխանական շահից ու, ընդհանրապես, օբյեկտիվ մի շարք իրողություններից ելնելով, որոնք բխում են քաղաքական մրցակցության տրամաբանությունից:

Իսկ զարգացումը մրցակցության մեջ է, և խորհրդարանական կառավարման մոդելը առավելագույնս կապահովի համարժեք միջավայր, որտեղ, իհարկե, զգալի խնդիր է լինելու քաղաքական և կուսակցական չկայացածությունը, բայց որը միաժամանակ լինելու է այդ խնդիրները լուծելու առավելագույն հարմար միջավայր, որովհետև առանցքում լինելու է մրցակցությունը, ոչ թե մեկի կամքը:

Որքան էլ, ի վերջո, ավանդույթները և մշակույթը գերակա դարձնեն «լիդերային» քաղաքականությունը, միևնույն է, խորհրդարանի մանդատի առաջնային իշխանության գործիքի բացառիկ կարգավիճակի գիտակցումը վաղ թե ուշ խոսելու է, և քաղաքական թիմերի անդամները սկսելու են առաջնորդվել այդ գիտակցությամբ, որ, ոչ թե, օրինակ, վարչապետ լիդերն է իրենց վերադասը, այլ իրենք են վարչապետ լիդերի վերադաս: Եվ դա բերելու է որոշակի բալանսավորման: Բալանսավորման մյուս շերտի հնարավորությունը բացելու է այն, որ թիմերի ընտրության հնարավորությունը նախ մեծացնում է քաղաքականությամբ զբաղվելու և հանրային վստահության հավակնելու այսպես ասած՝ ոչ գերխարիզմատիկ գործիչների հնարավորությունը, օգնելով նրանց ստվերային կարդինալի կարգավիճակի փոխարեն ջանք գործադրել հենց հրապարակային քաղաքական գործչի կարգավիճակի համար: Իսկ ձերբազատելով հանրային վստահությունը «լիդերային» պարտադրանքից, կստանանք նաև հանրային ընտրության առավել սառը միջավայր, զգայականության հնարավորինս նվազեցված աստիճանով, ինչը կարևոր հանգամանք է էֆեկտիվ ընտրական մշակույթ ձևավորելու տեսանկյունից: Միով բանիվ, հանրությունը լայնորեն պետք է քննարկի Սահմանադրության փոփոխության բովանդակային կողմն ու որոշի, թե ինչն ինչով ենք փոխում, բայց, թերևս, մի բան փոխել պետք չէ՝ խորհրդարանական կառավարման մոդելը, քաղաքական մրցակցության միջավայրը չսեղմելու համար:

1in.am

Loading...