ՔԱՂԱՔԱԿԱՆ

Նոր թեկնածու Արցախում. ո՞ւմ վրա խաղադրույք կանի Փաշինյանը

2020 թվականին Արցախում տեղի ունենալիք նախագահական ընտրությունները շարունակում են մնալ քաղաքական-փորձագիտական դաշտի ուշադրության կենտրոնում։ Թեպետ բավականին շատ ժամանակ կա թեկնածություն առաջադրելու, մրցապայքար սկսելու համար, արդեն այսօր առնվազն մի քանի գործիչ հայտարարել են առաջադրվելու պատրաստակամության մասին և իրենց իսկ գործողություններով սկսել չհայտարարված քարոզարշավ իրականացնել։

Загрузка...

Ինչպես հայտնի է՝ առաջադրվելու իր պատրաստակամության մասին հայտնել է նախկին վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, առաջադրվելու համար Արցախում ակտիվ գործունեություն է ծավալում ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, ի հայտ են գալիս նաև նոր անուններ։ Այդպիսի հնարավորությունը չի բացառում Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայլիլյանը։ Նա իր գրառման մեջ նշել է. «Ուզում եմ տեղեկացնել, որ մտածում եմ այդ ուղղությամբ, պարբերաբար հետևում եմ հասարակական կարծիքի դրսևորումներին, մարդկանց իղձերին ու տրամադրություններին և ձգտելու եմ առավելագույնս օգտակար լինել այդ իղձերի իրականացմանը: Ուստիև, ըստ էության, չեմ բացառում իմ ակտիվ մասնակցությունն ընտրություններին»,- ասված է Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի ֆեյսբուքյան գրառման մեջ:

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի կարծիքով՝ եթե կա միջազգային հետաքրքրություն, ապա դրա պատճառն այն է, որ չճանաչված պետություններում ընտրությունները տարբեր ուժային բևեռներ, միջազգային կազմակերպություններ տարբեր կերպ են մեկնաբանում:

«Այսինքն՝ եթե կա տվյալ ընտրությունները ճանաչելու իրողություն, բնականաբար նշանակում է, որ կան որոշակի նախադրյալներ տվյալ պետությունը ճանաչելու առումով։ Ահա այս առումով միջազգային հետաքրքրությունը չճանաչված պետություններում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ բավականին զգուշավոր է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Շարունակելով՝ նա նշեց. «Օրինակ՝ 50 տարուց ավել է՝ գոյություն ունի Թայվանը որպես դե ֆակտո պետություն, բայց քանի որ դե յուրե ճանաչված չէ, Թայվանի և մյուս չճանաչված պետությունների ընտրությունների վերաբերյալ միջազգային հանրությունը բավականին զգուշավոր վերաբերմունք է ցույց տալիս»։

Արցախի ընտրությունները, ըստ քաղաքագետի, շատ էական նշանակություն ունեն մեզ համար, որովհետև այստեղ մի հանգամանք կա. «Եթե Արցախում այնպիսի մարդ ընտրվեց նախագահ և այնպիսի կառավարություն կազմվեց, որի գործելաոճը, արժեհամակարգը, հակամարտության լուծման վերաբերյալ տեսլականը չեն համապատասխանում Հայաստանի նոր իշխանությունների դիրքորոշման հետ, այստեղ կարող է լուրջ ներքաղաքական խնդիր առաջանալ։ Մինչև հիմա այդ խնդիրը չի եղել, որովհետև կա՛մ եղել է միասնական դիրքորոշում, կա՛մ էլ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ժամանակ Ղարաբաղի չճանաչված քաղաքական էլիտան եղել է այս մարդկանց ազդեցության  ու հսկողության տակ։ Ամեն դեպքում, այնտեղ իշխանությունների բաժանումը և պաշտոնաբաժանումը կատարվել են Հայաստանի ղեկավարի անմիջական գիտությամբ ու հավանությամբ։ Հիմա եթե հանկարծ հակառակը ստացվի՝ մենք կունենանք ներքաղաքական խնդիր»։

Քեռյանը հիշեցնում է՝ ՏԻՄ ընտրություններում նույնիսկ Կապանում և Աբովյանում գործող քաղաքական ուժի պարտությունը որոշակի բացասական արձագանքներ առաջացրեց, «էլ ինչ մնաց՝ եթե Ղարաբաղում կազմվի կառավարություն, որն իր դիրքորոշմամբ, մեղմ ասած, համաձայն չէ այն քաղաքական գծի հետ, որը տարվում է Հայաստանի Հանրապետության ղեկավարության կողմից։ Բնականաբար, Հայաստանում հիմիկվանից աշխատում են, փնտրտուքի մեջ են։ Նիկոլ Փաշինյանն ու իր շրջապատը դեռևս չեն որոշել, թե Ղարաբաղում ով է առավել նպատակահարմար՝ քաղաքական գիծը շարունակելու իմաստով, բայց 1-2 ամսից, հավանաբար աշնանը, արդեն պարզ կերևա։ Հիմա այն, ինչ գրվում է, լրագրողական, փորձագիտական դաշտի կարծիքներն են»։

Ըստ քաղաքագետի՝ այն, որ Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքի ժամանակ Արայիկ Հարությունյանի կուսակցությունը մեծ պատրաստակամությամբ մասնակցեց, ցուցապաստառների կարգախոսները նույնն էին, ինչ արտասանեց վարչապետը, սա շատերին բերել է այն համոզման, որ Նիկոլ Փաշինյանը հենց Արայիկ Հարությունյանի վրա խաղադրույք կանի: «Ես այդ տարբերակը չեմ բացառում, բայց կրկնում եմ՝ Երևանում դեռ փնտրտուքի մեջ են։ Նման որոշում կայացնելուց առաջ շատ բաներ պետք է հաշվի առնվեն։ Մի բան է, որ այնտեղի գործիչը նպատակահարմար է ՀՀ իշխանությունների համար, այլ բան է, թե նա ինչ հեղինակություն ունի Արցախում և արդյոք ունի՞ հաղթելու հնարավորություն։ Եթե դու ընտրում ես թեկնածու, որը նպատակահարմար է իր գաղափարներով, քաղաքական վարքագծով, մտածելակերպով, բայց չունի այն ռեսուրսը, որ կարողանա հաղթել, բնականաբար, դա կարող է խնդիր լինել»,- նշեց քաղաքագետը։

Ինչ վերաբերում է Մասիս Մայիլյանի առաջադրման հնարավորությանը, Գարիկ Քեռյանը դա դրական համարեց, ասաց միայն լավ տպավորություն ունի նրա մասին: «Նա նախկինում  գիտական բազմաթիվ աշխատությունների, արցախյան հակամարտության վերաբերյալ շատ հոդվածների հեղինակ է, մաքուր է այն իմաստով, որ նրան չեն կարող մեղադրել որոշակի կապերի, կոռուպցիայի մեջ, հավասարակշռված ու մտավորական անձնավորություն է։ Ես միայն լավ տպավորություն ունեմ, իր աշխատություններից շատ անգամ օգտվել եմ, բայց չգիտեմ՝ նրա ռեսուրսն արդյոք այնքա՞ն է, որ նա կարողանա մրցակցել այնպիսի դեմքերի հետ, ինչպիսիք են Վիտալի Բալասանյանը, Արայիկ Հարությունյանը կամ Սամվել Բաբայանը։ Նրանք Ղարաբաղում երկար ժամանակ լինելով բարձրաստիճան պաշտոնյաներ՝ ունեն շատ մեծ ցանցային կապեր ամբողջ մարզում, իսկ Մայիլյանը՝ ոչ։ Ես նրան ամեն ինչով դրական եմ ընդունում, բայց ընտրությունների ժամանակ սուրբ լինելը բավարար չէ»,- ասաց Գ. Քեռյանը։

Հեղինակ՝ Մարիամ Գրիգորյան

Loading...