TV, ԿԻՆՈ

Նոր կերպարներ, տաղավարներ ու անսպասելի զարգացումներ․ չհրապարակաված լուսանկարներ ու բացահայտումներ «Ֆուլ Yere1»-ից

Загрузка...

Tert.am Life-ն առաջինն է իր ընթերցողներին պատմել «Ֆուլ Yere1» նախագծի մասին, որն իրենից ներկայացնում է Yere1-ի և «Ֆուլ հաուս»-ի միքսը: «Ֆուլ հաուսի» կերպարները կներկայանան Yere1-ի ձևաչափով: Նախագծի նկարահանումներն արդեն մեկնարկել են:

Tert.am Life-ը եղել է նկարահանման տաղավարում և ներկայացնում է նախագծի բեքսթեյջն ու հետաքրքիր մանրամասները:

Այսպիսով «Ֆուլ Yere1»-ը կունենա 4 իրավիճակ: Մի իրավիճակում կլինեն  Զառան և Ռուբենը՝ Քրիստինա Եղոյանն ու Գարիկ Սեփխանյանը, մյուսում՝ Մուշեղը և Ֆելոն՝ Գրիգոր Դանիելյանն ու Գոռ Հակոբյանը, երրորդում՝ Կամոն՝ Աղաս Մանուկյանը, չորրորդում՝ Սերգեյը և Հրաչը՝ Մենչն ու Մոսո Կարապետյանը: Նախագծում կլինեն նաև նոր հերոսներ, որոնց մարմնավորում են Մհեր Մխիթարյանը, Լիա Զախարյանը, Օնո Մանուկյանը և Տյուշը:

Նոր եթերաշրջանում հեռուստադիտողները կտեսնեն նոր կերպարներ, տաղավարներ ու անսպասելի զարգացումներ: Պարզվում է՝ Ռուբենն ու Զառան դարձել են «Ասատուր»-ի՝ Մհեր Մխիթարյանի կերպարի տուրիստական գործակալության աշխատողներն ու արկածային իրավիճակների պակաս չունեն:

Գրիգոր Դանիելյանի այստեղ կտեսնեք 2 կերպարով: «Ֆուլ հաուս»-ից հայտնի Մուշեղն ու Ֆելոն կշարունակեն իրենց կերպարային գիծը՝ հայտնվելով նոր իրավիճակում, իսկ ահա Կամոյի կերպարային գծի սյուժեում Գրիգորին կտեսնեք արտաքին նոր լուծումներով՝ Մելոյի դերով:

«Ֆուլ Yere1»-ի համար կառուցվել են նոր տաղավարներ, որոնք կարող եք տեսնել մեր ֆոտոշարքում, սակայն ձևաչափը թույլ է տալիս նկարահանումներ իրականացնել նաև դրսում: Կան իրավիճակներ, որոնք դրսում են նկարահանվելու: Սերգեյի և Հրաչի սյուժեն նկարահանվելու է ԱՄՆ-ում, քանի որ Մոսո Կարապետյանն  ու Արմեն Պետրոսյանն այժմ այնտեղ են:

«Ֆուլ հաուսի» կերպարներից նախագծում ներգրավված չեն Միհրան Ծառուկյանը, Արփի Գաբրիելյանն ու Մարջան Ավետիսյանը: Մենչը հայտնեց, որ նրանցից որևէ մեկի հետ որևէ խնդիր չկա, պարզապես Մարջանն ամուսնությունից հետո պարբերաբար ԱՄՆ է մեկնում և այժմ ուզում է ավելի շատ ժամանակ տրամադրել իր ընտանիքին, իսկ Միհրանն ու Արփին այս փուլում այլ զբաղվածություն ունեն, աշխատանքի համատեղումը հնարավոր չէ: Ըստ պրոդյուսերի՝ նրանց բացակայությունից նախագիծը չի տուժի, քանի որ սա «Ֆուլ հաուսի» շարունակությունը չէ:

Լուսանկարները՝ Գրիգոր Հովսեփյանի

ՀեղինակԱմալյա Հովհաննիսյան

Loading...