TV, ԿԻՆՈ

Աշոտ Ղազարյանը, Խորեն Լևոնյանը, Էմմա Մանուկյանը և այլք նոր հեռուստասերիալում․ առաջին մանրամասները նկարահանման հրապարակից

Վարդգես Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը» վիպակի հիման վրա Անահիտ Աղասարյանի գրած սցենարով  նկարահանվել է 16 մասանոց հեռուստանովել։ Այն Առաջին ալիքի եթերում կլինի սեպտեմբերի 16-ից: Նախագծի պրոդյուսերն Արման Միտոյանն է, ռեժիսորը՝ Հայկ Կբեյանը, ֆիլմում նկարահանվել են Էվելինա Շահիրյանը, Աշոտ Ղազարյանը, Խորեն Լևոնյանը, Էմմա Մանուկյանը, Լիլի Միքայելյանը և այլք։

Загрузка...

Ֆիլմի ստեղծման, նկարահանման ընթացքի և երիտասարդ դերասանների հետ աշխատելու մասին Tert.am Life-ը զրուցել է ռեժիսոր Հայկ Կբեյանի հետ։ Վերջինս բացայհայտել է առաջին մանրամասները նկարահանման հրապարակից:

Վարդգես Պետրոսյանը վիպակը գրել է 1978 թվականին՝ սովետական կարգերի ժամանակ, որտեղ մի դասարանի պատմությամբ հեղինակը բարձրացնում է տարբեր թեմաներ։ Ըստ ռեժիսորի՝ սյուժեն և ասելիքը ժամանակավրեպ լինելու խնդիր չունեն։

«Հեղինակն իր այս աշխատանքում բարձրացնում է համամարդկային արժեքների թեման, ինչը միշտ արդիական է։ Բնօրինակից թեմատիկ զգալի շեղումներ չեն եղել՝ միայն մի գիծ է ավելացել, որը սյուժեում էական փոփոխություն չի արել։ Խոսքը գլխավոր հերոսուհու հոր մասին է, գրքում նման կերպար չկա, ֆիլմում՝ կա: Սա արվել է զուտ սցենարը հագեցնելու համար, քանի որ 16 սերիայի ընթացքում պետք է կարողանաս հեռուստադիողին հետաքրքրությամբ պահել էկրանի առաջ»,- ասաց ռեժիսորը։  

Վիպակում շոշափվում է սերունդների փոխհարաբերությունների թեման։ Ըստ Հայկի՝ սցենարիստն այնպես է արել, որ հեռուստադիտողը կարողանում է մտնել  դասարանի պատանի աշակերտներից յուրաքանչյուրի անձնական տիրույթ, ծանոթանում է նրա կյանքին, տեսնում այն խնդիրները, որոնց կարելի է բախվել հենց այդ տարիքում։ Բացի սերունդների բախումը, ըստ ռեժիսորի, կա ևս մի քանի գիծ, որոնք համեմում են բովանդակությունը։ Խոսքը հայրենասիրության, հասարակական խավերի բաժանման մասին է, որոնք, Հայկի խոսքով, հետաքրքիր արտահայտվում են համադասարանցիների փոխհարաբերությունների համատեքստում։

«Գլխավոր հերոսին՝ Վահան Մամյանին, մարմնավորում է Խորեն Լևոնյանը: Նրա կերպարն այնպիսի բաներ է ասում, որոնք հավերժական են։ 1978 թվականին, հիմա, թե 50 տարի հետո կան համամարդկային արժեքներ, որոնք ժամանակից դուրս են։ Թեման էլ է հետաքրքիր՝ սերունդների՝ մեր ու մեր ծնողների,  մեր ու մեր երեխաների փոխհարաբերությունները։ Սա էլ է հավերժական, որովհետև սերունդների մեջ միշտ մի հետաքրքիր տարբերություն կա, որն արտահայտվում է որոշակի հակասություններով։ Վիպակի գլխավոր սյուժեն դա չէ, բայց ամբողջական նյութը պարուրող հետաքրքիր լրացում է»,- ասաց ռեժիսորը։

Հեռուստանովելի նկարահանումներն արվել են գարնանը, հիմնական տեսարանները նկարահանվել են դպրոցում։ Դասարանի պատանի աշակերտների կերպարները Հայկ Կբեյանին հնարավորություն են տվել աշխատելու նաև երիտասարդ սերնդի և սկսնակ դերասանների հետ։

«Երիտասարդների հետ աշխատելը հետաքրքիր ու հաճելի էր, ուղղակի փորձառության հարց կար։ Երիտասարդները սպունգի նման էին, շատ արագ վերցնում էին այն, ինչ իրենց ասվում էր, սա շատ լավ է։ Որոշակի առումով նրանց մոտ կար անպատրաստ լինելու հարց, ինչը վատ է, որովհետև չորս տարի ինստիտուտում սովորելուց հետո իրենք պետք է արդեն պատրաստված լինեին։ Նորավարտները կամ վերջին կուրսում սովորողները, որոնք դեռ չունեն նկարահանման փորձ, այդքան պատրաստ չէին, սովորում էին ընթացքում ՝ նկարահանման հրապարակներում, իսկ նկարահանման հրապարակը կարգ ու կանոն և տեխնիկական պատրաստվածություն է ենթադրում»,- նշեց Հայկը։  

Ռեժիսորի խոսքով՝ երիտասարդների հետ աշխատելը մասնագիտական տեսանկյունից շատ է հետաքրքրել իրեն․ «Նոր դերասանների հետ աշխատելը, իրենց հասկանալը բավականին հետաքրքիր է, նման համագործակցություններն ու շփումները թույլ են տալիս ծանոթանալ իրենց մտահոգություններին,  ցանկություններին, թատերական, դերասանական իրենց խնդիրներին, հետաքրքիր է հետևել, թե ոնց են իրենք ապրում, ինչ նախասրություններ ունեն մասնագիտական առումով»։

ՀեղինակԶառա Ղազարյան

Loading...