ԺԱՄԱՆՑ

Նոր սիթքոմ և ներկայացում․Մկրտիչ Արզումանյանը՝ նորություններով հագեցած շրջանի մասին

Դերասան Մկրտիչ Արզումանյանն այս ընթացքում ունի ինչպես հեռուստատեսային, այնպես էլ թատերական զբաղվածություն։ Առաջինի մասին խոսելիս դերասանը միայն ասաց, որ  24 մասանոց նոր սիթքոմում ներկայանալու է իր համար սիրելի կերպարով՝ մարմնավորելու է գյուղացի մարդու։

Загрузка...

Ինչ վերաբերում է թատրոնին՝ Մկոն խաղում է Նորա Գրիգորյանի  «SaveՄիլիոն» իրավիճակային կատակերգության մեջ: Մարմնավորում է գլխավոր հերոսին։ Tert.am Life-ի հետ զրույցում Մկոն պատմել է ներկայացման, «Մեծից փոքր» սիթքոմի ավարտի և որդու ներկայիս զբաղվածության մասին։  

«SaveՄիլիոն» ներկայացման սցենարը հեղինակել է Արմեն Վարդանյանը, նախագծի պրոդյուսերներն ու մտահղացման հեղինակներն Արման Միտոյանն ու GES Production-ն են: Այստեղ խաղում են Լևոն Հարությունյանը, Էվա Խաչատրյանը, Սերգեյ Գրիգորյանը, Վիկտորյա Սահակյանը։

Մկոյի խոսքով՝ ներկայացման թեման արդիական է: Ըստ դերասանի՝ հաջողվել է ստեղծել մի գործ, որը մինչև վերջին րոպեն լարվածության մեջ կպահի հանդիսատեսին: «Երկու գործողությամբ կատակերգություն է, ունենք շատ դինամիկ, լարված սյուժե։ Մարմնավորում եմ մարզպետի օգնականի կերպարը: Նա մասնագիտությամբ իրավաբան է: Մարզպետը հայտնվում է ծանր իրավիճակում, օրենքի հետ լուրջ խնդիրներ ունենում, իմ կերպարը փորձում է օգնել նրան հաղթահարել դրանք, սակայն ամեն ինչ է՛լ ավելի է խճճվում։ Շատ կարևոր է, երբ նյութն արդիական է և շոշափում է այնպիսի թեմաներ, որոնք բոլորին հուզում ու հետաքրքրում են»,- ասաց դերասանը:

Սա Մկոյի առաջին համագործակցությունն է բեմադրիչ Նորա Գրիգորյանի հետ․ «Դերասանական և կազմակերպչական հրաշալի թիմ է հավաքվել։ Նորա Գրիգորյանի հետ մեր առաջին, բայց վստահ եմ՝ ոչ վերջին համագործակցությունն է վտահ եմ, որ դեռ բազմաթիվ համագործակցություններ կունենանք»։

Մկոյի խոսքով՝ ի տարբերություն «Հյուսիսային պողոտայի բանտարկյանը» ներկայացման, սա ամբողջությամբ երգիծական է։ Ի դեպ, դերասանը շեշտեց, որ նոր ներկայացումը չի ենթադրում, որ դադարելու են խաղալ «Հյուսիսային պողոտայի բանտարկյալը»․ «Այն իմ ամենասիրելի աշխատանքներից է, շատ եմ ուզում, որ «SaveՄիլիոն» ներկայացմանը զուգահեռ «Հյուսիսային պողոտայի բանտարկյալը» ևս խաղամ։ Այնպես որ, նախագծերի հագեցած աշուն-ձմեռ  հավաքածու է սպասվում և՛ հանդիսատեսին, և՛ հեռուստադիտողին»։

Ինչ վերաբերում է «Մեծից փոքր» նախագծին, որտեղ Մկոն հանդես էր գալիս որդու՝ Ալեքսանդրի հետ, դերասանն ասաց, որ այն շարունակություն չի ունենա: «Ի սկզբանե պատմությունը բաղկացած էր հենց 12 մասից։ Յուրքանչյուր նախագիծ պետք է կարողանալ ճիշտ ժամանակին ավարտել։ Որդիս շարունակում է իր ուսումը։ Ինքն էլ գիտի, որ հիմա պետք է շատ կարդա, կրթվի։ Ամեն ինչ անում ենք ճիշտ ուղղությամբ գնալու, իր տաղանդը զարգացնելու համար, որպեսզի պատրաստ լինի ավելի մեծ նախագծերի։ Համենայն դեպս, հիմա ինքն այդ ամենով է ապրում, ուզում է դրանով զբաղվել, ես էլ, ինչպես յուրաքանչյուր ծնող, որքան կկարողանամ կօգնեմ ու խորհուրդներ կտամ իրեն»,- ասաց դերասանը։

Loading...