ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. BMW X5-ը մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է դաշտում. վարորդի դին հայտնաբերվել է ավտոմեքենայից մոտ 80 մետր հեռու.

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 00։05-ի սահմաններում Նորատուս գյուղի բնակիչ՝ 37-ամյա Գևորգ Հովհաննիսյանը իր վարած BMW X5 մակնիշի 51 QD 111 համարանիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 33 կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձախակողմյան դաշտամիջյան հատվածում և կողաշրջվել։

Загрузка...

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում դին գյուղացիները, արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայից մոտ 80 մետր դուրս, տեղում մահացել է։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Գավառի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Թորոսյանի, ավագ քննիչ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ավագ քննիչ Հովհաննիսանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հարվածի հետևանքով ավտոմեքենայի 2 անվահեծանները կոտրվել էին, իսկ ավտոմեքենան էլ ամբողջովին վերածվել է մետաղե ջարդոնի։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը վերջերս էր Հայաստան վերադարձել Ռուսաստանի Դաշնությունից, ամուսնացած էր, խնամքին ուներ 2 երեխա։

մանրամասներն՝ © shamshyan.com

Loading...